ՋԱՀ-ի Ախալքալաքի գրասենյակում կայացավ հանդիպում գրողների հետ
Օրերս «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Ախալքալաքի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում քննարկում Համահայկական գրողների միության նախագահ, գրականագետ Աբգար Ափինյանի և գրող Սուսաննա Ղազարյանի հետ:
Պարոն Ափինյանը ներկաների հետ զրուցեց հայ գրականությունից, ներկայացրեց իրենց հետ տարած գրքերը, թերթերն ու ամսագրերը և դրանք բաժանեց հանդիպմանը ներկա դպրոցահասակ երեխաներն ու գրքասեր հանրությանը: Համահայկական գրողների միության նախագահ Պարոն Ափինյանը խոսեց նաև առաջիկա իրագործվելիք ծրագրերից. «Ամիսներ անց պետք է վերադառնանք Ջավախք և ամփոփենք «Նոր ոսկեդար» և «Դեպի երկիր» ծրագրերը: Նպատակը երեխաների շրջանում վերլուծական մտքի դաստիարակությունն է: Աշակերտը պետք է կարողանա կարդացածը ընկալել, վերլուծել ու ներկայացնել: Հայ գրականությունը լավագույնս վերլուծողներն ու մեկնաբանողները կստանան մրցանակներ», -նշեց պարոն Ափինյանն ու հավելեց. «Ամեն մի բանաստեղծություն ապրեցնող խորհուրդ ունի: Հաջորդ այցելության ժամանակ ես ուզում եմ հայության ժպտուն հայացքներ տեսնել, քանի որ մեր կյանքի դժվարին պահերին մեզ պիտի առաջնորդեն լուսապայծառ հոգիները, նրանք, ում գալուստը երազում էր Հովհաննես Թումանյանը»:
Հանդիպման նախաձեռնող, ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Պարույր Պալյանը կարևորեց մշակութային կյանքի զարգացումն ու ակտիվացումը Ջավախքում։ ՋԱՀ-ի տնօրեն Սամվել Մկոյանն էլ կարևորեց այսպիսի հանդիպումներն աշակերտների հետ: