Տեղի ունեցավ Դամալա գյուղի ներկայացուցիչների երևանյան առաջին հանդիպումը (2015թ)
Ապրիլի 28-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում Վրաստանի Սամցխե-Ջավախք նահանգի Ասպինձայի շրջանի Դամալա գյուղի ղեկավարության, կազմկոմիտեի նախաձեռնությամբ և ՋԱՀ-ի աջակցությամբ տեղի ունեցավ Դամալա գյուղի ներկայացուցիչների երևանյան առաջին հանդիպումը, որին ներկա էին կազմակերպիչներ, Դամալայից ընտրված շրջանային ժողովի պատգամավորներ Էմին Բալոյանը և Ռոբերտ Նահապետյանը, Դամալա գյուղի գյուղապետ Գուրգեն Թումասյանը, վաստակավոր ուսուցիչ Մինաս Տոնականյանը, ինչպես նաև ծնունդով Դամալայից հայաստանաբնակ մի շարք գործարարներ, գործիչներ և ՋԱՀ-ի անձնակազմը։ Հանդիպման նպատակներից էր վեր հանել և լսելի դարձնել գյուղի բնակչությանը հուզող խնդիրները, առաջարկների, ուղղորդված քայլերի և համախմբված ուժերի միջոցով փորձ կատարել գտնել խելամիտ լուծումներ։ Հանդիպմանն Էմին Բալոյանը և Գուրգեն Թումասյանը քննարկման մասնակիցներին ներկայացրին գյուղում առկա 3 հիմնական խնդիրները՝ մշակույթի տան վերակառուցում, ոռոգման ջրի բարելավում և սպորտային կոմպլեքսի ստեղծում։ Ներկայացված խնդիրների շուրջ ծավալվեց բուռն քննարկում, հատկապես բոլորի ուշադրությունը գրավեց հայրենի գյուղում առավել բարեկարգ և արդեն կինոթատրոնով մշակույթի տուն ունենալու գաղափարը։ Գաղափարն առավել ոգևորիչ և պատկերավոր դարձավ մշակույթի տան 3D տարբերակը դիտելուց հետո, որը նախագծել էր ծնունդով Դամալայից ճարտարապետ Ատոմ Սահակյանը։ Կարևորելով մշակույթի դերն ու նշանակությունը ազգային դիմագիծը պահելու և սերունդներ կրթելու գործում՝ համագյուղացիները մեծ պատրաստակամություն ցուցաբերեցին աջակցել գործընթացին և կարևորեցին աշխարհասփյուռ դամալացիների ակտիվ մասնակցությունը հայերենի գյուղի այս կարևոր մշակութային օջախի վերակառուցման գործում։
Հանդիպման ընթացքում ներկաներն անդրադարձան նաև մայիսի 1-ի՝ Դամալա գյուղի օրվա տոնակատարություններին։ Շարունակելով Դամալա գյուղի օրն ինչ-որ կերպ նշանավորելու արդեն ավանդույթ դարձած բարի սովորույթը՝ քննարկման մասնակիցներն համաձայնեցին այս տարի ուղենիշ համարել մշակույթի տան ստեղծումը։ Դամալայի տոնակատարության ընթացում տեղի կունենա նաև ՋԱՀ-ի վրաստանյան ներկայացուցչության շնորհանդեսը Ասպինձայի շրջանում։