Բացվեց «Բացահայտենք Ջավախքը» խորագրով լուսանկարչական ցուցահանդես
Այսօրվանից սկսած մինչև նոյեմբերի 10-ը երևանի կենտրոնում կգտնեք փոքրիկ Ջավախքյան անկյուն իր յուրահատուկ գույներով, համուհոտով ու ավանդույթներով։ Մելիք Ադամյան 2/2 հասցեում գտնվող ՀԲԸՄ Հայաստան դահլիճում այսօր բացվեց «Բացահայտենք Ջավախքը» խորագրով լուսանկարչական ցուցահանդես, որտեղ ցուցադրված են համանուն լուսանկարչական արշավի մասնակիցների Ջավախքյան բնապատկերներն ու կոլորիտը ներկայացնող լուսանկարները: Նշենք, որ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայ լուսանկարիչների ազգային ասոցիացիայի և Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ համագործակցությամբ օգոստոսի 27-29-ը կազմակերպել էր «Բացահայտենք Ջավախքը» խորագրով եռօրյա լուսանկարչական արշավ:
Ծրագրի մասնակիցները՝ հայ և վրացի լուսանկարիչներ Հայաստանից և Վրաստանից, երեք օր շարունակ եղել են Ջավախքի տարբեր շրջաններում, գյուղերում ու քաղաքներում, ծանոթացել գյուղական բնակավայրերի կյանքին ու բարքերին և իհարկե լուսանկարել են այն ամենն ինչ իրենց զարմացրել, հիացերլ ու տպավորել է։ ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը նշեց, որ ՋԱՀ-ն ունի մշակութային ծրագրերի մեծ փաթեթ, իսկ այս լուսանկարչական ցուցահանդեսն ու դրան նախորդած լուսանկարչական արշավը դրանցից հերթականներն էին.«Հիմնադրամն իր առաջ շատ բարձր նշաձող է դրել և կորոնավիրուսի պայմաններում անգամ ՋԱՀ-ը կարողացավ աշխատել և էլ ավելի արդյունավետ իրականացնել ամենատարբեր ծրագրեր Ջավախքում։ Իսկ այս ցուցահանդեսը շատ կարևոր է Ջավախքի կյանքի տարբեր ոլորտները ներկայացնելու իմաստով։
Այստեղ դուք կտեսնենք ջավախքցու հայացքը, աշխատանքը, հավատքն ու եկեղեցին, տունն ու բնաշխարհը»։ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը սրահում շրջելուց հետո ասաց, որ առավելագույնս հավանել է այն լուսանկարները որոնցում արտացոլված են ջավախքյան կենցաղը, որտեղ կան մարդկային դեմքեր, ժպիտներ, իրականություն, ընտանիք, օջախ. «Մեծ պատիվ է համագործակցել ՋԱՀ-ի հետ, քանի որ այն ինչ անում է հիմնադրամը ջավախքում, անում է ամենաբարձր մակարդակով ու մշակութային չափանիշներով։ Վերջերս ներկա էի նաև Վահան Տերյանի վերականգնված ցուցասրահի բացմանը և պետք է ասեմ, որ հաճելիորեն զարմացած եմ ճաշակի, հետևողականության, պրոֆեսիոնալ մոտեցման ու արված աշտանաքի վրա։ ՋԱՀ-ը թելադրում է բարձր ճաշակ, բարձր չափանիշներ և վստահ եմ, որ հետագայում էլ ավելի սերտորեն ենք համագործակցելու ամենատարբեր ծրագրերի շրջանակներում»։
Ցուցահանդեսի բացմանը Հայ լուսանկարիչների ասոցացիայի նախագահ Սերգեյ Հակոբյանը, ով լուսանկարչական արշավի ընթացքում մասնակիցների հետ կիսվել է իր փորձով ու գիտելիքներով, նշեց, որ Ջավախքը հիացրել է իր բնապատկերներով, մարդկանցով, ավանդույթներին ու հավատքին իրենց կառչածությամբ ու առեղծվածային ու գեղեցիկ վայրերով, որոնք անսպառ են. «Շատ դժվար էր առանձնացնել այն լուսանկարները, որոնք ունեն ասելիք և դիտողին ինչ որ բան կպատմեմ Ջավախքի առօրիայի ու կենցաղի մասին»։
ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանն էլ նշեց, որ ««Բացահայտենք Ջավախքը» արշավի նպատակն էր բացահայտել Ջավախքը, քանի որ շատ քչերն են ծանոթ տարածաշրջանին, կենցաղին ու ավանդույթներին։ Իսկ տարածաշրջանը շատ հարուստ է թե՛ իր բնաշխարհով, թե՛ ավանդույթներով ու սովորություններով և թե՛ մարդկանցով։ Այստեղ բնականաբար շատ փոքր մասն է ներկայացված, սակայն փորձել ենք երեք օրվա ընթացքում լինել որոշ գյուղերում ու քաղաքներում», -ասաց պարոն Մկոյանը։
Միջոցառման ընթացքում լուսանկարչական արշավի մասնակիցներին տրվեցին վկայակայագրեր իսկ փորձագետներին շնորհակալագրեր։ Հիշեցնենք, որ «Բացահայտենք Ջավախքը» խորագրով ցուցահանդեսը ՀԲԸՄ դահլիճում կգործի մինչև նոյեմբերի 10-ը։