Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա և հարակից գյուղերի ներկայացուցիչների հանդիպումը Երևանում
Իր կազմավորման օրվանից «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը կարևորել է ջավախահայությանը հուզող մի շարք խնդիրների վերհանման հանգամանքը և ակտիվ քայլեր է ձեռնարկում Ջավախքի սոցիալ-տնտեսական, գիտական, կրթական, առողջապահական, մշակութային և այլ ոլորտների բարելավման ուղղությամբ։
Հիմնադրամի նպատակներից է վեր հանել և լսելի դարձնել հանրությանը հուզող խնդիրները, առաջարկների, ուղղորդված քայլերի և համախմբված ուժերի միջոցով փորձ կատարել գտնելու խելամիտ լուծումներ։ Այդ նպատակով մարտի 28-ին Երևանի «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ ՋԱՀ-ի և Ախալցխայի շրջանի Նորշեն-Ծղալթբիլա, Ջուլղա, Աբաթխև, Ծինուբան և Նոխրեբ գյուղերի ներկայացուցիչների հանդիպումը։ Հանդիպման նպատակն էր ներկայացնել տվյալ գյուղերում առկա մշակութային կյանքի ոչ նախանձելի վիճակը և կարևորել այս գյուղերի համար առնվազն մեկ կանոնավոր գործող երիտասարդական-մշակույթի կենտրոնի հիմնումը։ Մշակույթի կենտրոնի հիմնումն իրապես դարձել է օրվա հրամայական. կենտրոնի բացակայությունը մեծապես նպասել է բնակչության, հատկապես երիտասարդ սերնդի արտագաղթին։ Հաշվի առնելով Ծղալթբիլայի արարողությունների տանը կից 240 անձի համար վերջին շրջանում կառուցված երիտասարդական-մշակութային շինության առկայությունը և Ծղալթբիլայի՝ որպես ամենախոշոր գյուղ լինելու հանգամանքը, քննարկումների արդյունքում որոշվեց միջոցներ հայթայթել բարեկարգել կցակառույցը և վերածել գործող կենտրոնի։